Կատուներ

Վահագն Հայրապետյանն արդի հայ հանրահայտ ջազ երաժիշտներից է: Երկար ժամանակ նա հայտնի էր որպես սվինգ և բոպ ոճի հետևորդ և բազում տարիներ ելույթ է ունեցել իր եռյակի հետ (Վահագն Հայրապետյան` դաշնամուր, վոկալ, Նիկողայոս Վարդանյան` բաս, Ալեքսանդր Աղամյան` հարվածային գործիքներ):

Սակայն 2004թ.-ի վերջում և 2005թ.-ի սկզբին, կտրուկ փոխելով իր երաժշտական ոճը, նա հիմնեց նոր խումբ «Վահագն Հայրապետյան և կատուներ» անվամբ: Խմբի սկզբնական կազմը` Վահագն Հայրապետյան (ստեղնաշար), Տիգրան Սուջյան (շեփոր), Դավիթ Նալչաջյան (ալտ սաքսոֆոն), Արտեմ Մանուկյան (բաս, թավջութակ), Տիգրան Սանոյան (հարվածային գործիքներ): Ավելի ուշ խմբին միացավ Աշոտ Հարությունյանը (տրոմբոն), այնուհետև` զանազան փողային ֆոլկլյոր և պերկուսիոն գործիքների կատարող Նորայր Քարտաշյանը: Վերջինիս գալստյան հետ անսամբլում զգալիորեն ավելացավ օրիենտալ հնչողությունը:

2006թ.-ի սկզբից Տիգրան Սանոյանի փոխարեն հարվածային գործիքները ներկայացնում է Արմեն Ջալալյանը: Չնայած երաժիշտների երիտասարդ տարիքին, նրանք բոլորն էլ փորձառու են: Այսպես. Տիգրան Սուջյանը, Դավիթ Նալչաջյանը, Տիգրան Սանոյանը և Աշոտ Հարությունյանը Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Armenian Navy Bandy-ի անդամներ են, Արտեմ Մանուկյանը Armenian Navy Bandy-ի և Nooz ավանգարդ խմբի լիիրավ անդամ է: Նորայր Քարտաշյանը ելութ է ունենում` որպես հրավիրյալ երաժիշտ Հայաստանի գրեթե բոլոր ջազային և էստրադային նվագախմբերում: Իսկ Արման Ջալալյանը նվագում է Armenian Navy Bandy-ում, Time Report էթնո ջազ սեքստետում և նվագակցում է հայկական էստրադայի բազմաթիվ աստղերի:

«Կատուներ» խումբը կատարում է միայն օրիգինալ կոմպոզիցիաներ և արդեն ունի սեփական, հեշտ ճանաչելի հնչողությունը: Անսամբլի երաժշտությունն առանձնանում է 70ականների ջազ ռոքի, 80-ականների M-BASE-ի, World Fusion-ի, հայկական ռիթմի ու մեղեդայնության միահյուսմամբ:

Սեպտետն արդեն հասցրել է հաջող ելույթով հանդես գալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված «Jazz Appreciation Month-2005» և «2006» ջազ փառատոնների ժամանակ, ներկայացնել իրենց արվեստը Երևանում կայացած ավանգարդ ֆոլկ-երաժշտության Առաջին և Երկրորդ միջազգային, ինչպես նաև` «Երևան 2006» երրորդ միջազգային ջազ փառատոններին: Բացի այդ, խումբը բազմիցս մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի մայրաքաղաքի համերգային բեմերում և ակումբներում և այսօր համարվում է հայկական ջազի ամենապահանջված և ակտիվ խմբերից մեկը: 2005 թվականի սկզբին այն մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած South Caucasus Music Conference-ին, որի ընթացքում հաջողությամբ ելույթ ունեցավ «Noa-Noa» ակումբում: 2006թ.-ին ելույթ ունեցավ նաև Մոսկվայի «Դոմ» ակումբում:

Երկու տարի անց «Կատուները» հանդես եկան «KHARKIV ZA JAZZ-08-09» փառատոնում` Խարկովում (Ուկրաինա): Նույն թվականին Մոսկվայում` «Усадьба. Джаз» մրցույթ-փառատոնում խումբը արժանացավ առաջին մրցանակի «Էթնո-ջազ» անվանակարգում: 2009 թվականին կոլեկտիվը մասնակցել է «Դյագիլևյան փառատոնին» (ք. Պերմ, Ռուսաստան), ինչպես նաև` «Dubai International Jazz Festival»-ին` Հայկական ջազի շաբաթվա շրջանակներում: Խումբը 2009-ին հիանալի մի ելույթով հանդես եկավ Հայաստանում կայացած «Open Fest» փառատոնում:

2009-ին «Կատուներ» խմբի կազմում տեղի ունեցան փոփոխություններ: Խմբի նոր տրոմբոնահարն է Դավիթ Մինասյանը, սաքսոֆոնահարը` Արթուր Գրիգորյանը:

Նույն թվականի ամռանը խմբի անդամներ Ատրյոմ Մանուկյանը և Արթուր Գրիգորյանը, հաղթելով ՀՀ Մշակույթի նախարարության, «Հայկական ջազ 70» հասարակական կազմակերպության և «Շարմ Հոլդինգ» ընկերության կազմակերպած «Երիտասարդ ջազմենների մրցույթում», հնարավորություն ստացան դասընթաց անցնելու ջազի Մեքքա համարվող Berklee College of Music ուսումնական հաստատությունում (Բոսթոն, ԱՄՆ):

2010 թվականին աշնանը խումբը լքեց բասիստ և թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, որին փոխարինեց Էդգար Սահակյանը:

Դիսկոգրաֆիա`

«Norevan» – 2007
«Red Sun» – 2009

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.