Time Report

«Time Report»-ն այսօր, թերևս, օրթոդոքսալ էթնո ջազ կատարող միակ հայկական ջազ նվագախումբն է: Որի հիմնադիրներ համարվում են Խաչատուր Սահակյանը (ստեղնաշար) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն): Նրանց առաջին համատեղ աշխատանքը` «Երգեր առանց խոսքերի» (1996), թողարկվեց ԱՄՆ-ում: Ալբոմը հայ հեղինակների ստեղծագործությունների ժողովածու է` cross-over, pop-jazz, այլ կերպ ասած` ջազային թեթև ուղղվածությամբ գործիքային երաժշտության կատարմամբ:

Մեկ տարի անց ծնվում է լիարժեք նվագախումբ ստեղծելու գաղափարը, որը կկատարի անսամբլի մասնակիցների երաժշտությունը զուտ ջազի ոճով: Դուետին միանում է թմբկահար Ալեքսանդր ՙՍաշ¦ Գրիգորյանը և բաս երաժիշտ Վարդան Առաքելյանը: Սկզբում խումբը ելույթ է ունենում «Ջազ-քառյակ Խաչատուր Սահակյանի ղեկավարությամբ» համեստ անվամբ, իսկ տարվա վերջում վերածվում է «Time Report» խմբի: Ժամանակի ընթացքում որոշակիանում է նաև խմբի ոճը` էթնո ջազ: Ֆոլկլորի հիման վրա միահյուսված ինքնատիպ և գունագեղ կոմպոզիցիաները, ժողովրդական մեղեդիների մշակումները, ինչպես նաև երաժիշտների անհատական սքանչելի հմտությունը հաստատուն տեղ ապահովեցին խմբի համար արդի հայկական ջազի աշխարհում: 1999թ-ին խմբին միանում է պերկուսիոնիստ Էդուարդ Հարությունյանը, և «Time Report»-ը վերածվում է հայկական ֆոլկլորի ակնհայտ կողմնորոշմամբ և fusion, New Age, Adult Instrumental ոճերով աչքի ընկնող խմբի: Երաժիշտներից յուրաքանչյուրն ավարտել է երաժշտական ուսումնարան կամ կոնսերվատորիա և ունի հարուստ ստեղծագործական կենսագրություն: Արմեն Հյուսնունցը, օրինակ, նվագել է Երևանի Կամերային թատրոնի ջազ-քառյակի, Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ պետական էստրադային նվագախմբի հետ, հանդիսացել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի դիրիժորը: Խաչատուր Սահակյանը ելույթ է ունեցել ամենատարբեր ոճերի և ուղղությունների անսամբլների հետ, հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վարդան Առաքելյանին հաջողվում է համատեղել ջազային խումբը և բոլոր ժանրերի կատարողների համար ստուդիայի ձայնագրող) երաժշտի աշխատանքը: Իսկ զուտ ջազային գործունեությունը ներառում է դաշնակահար Վահագն Հայրապետյանի եռյակում և Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ գործող նվագախմբում աշխատանքը: Հարվածային գործիքների երաժիշտ Ալեքսանդր Գրիգորյանը դեռևս 1987 թվականին ելույթ ունեցավ Արտաշես Քարթալյանի ջազ-եռյակի հետ և այդժամ ձայնագրեց հսկա-սկավառակը «Мелодия» համամիութենական ստուդիայում: 2000 թվականին նրան փոխարինեց թմբկահար Արման Ջալալյանը` միակ պաշտոնական Yamaha Artist-ը տարածաշրջանում, որը համատեղում էր «Time Report»-ի ելույթները «Armenian Navy Band» և «Կատուներ» խմբի հետ: Իսկ 2006 թվականին կվինտետին միացավ նաև դուդուկահար և զուռնահար Վարդան Գրիգորյանը, որը հայտնի էր «Armenian Navy Band»-ում իր մասնակցությամբ և համատեղ աշխատանքով այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Պոլ Ուինթերը, Յո Յո Ման, Ջո Զավինուլը և համաշխարհային երաժշտության այլ ներկայացուցիչներ:

Երաժիշտներից յուրաքանչյուրը հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում և մասնակցել զանազան ջազ փառատոնների: Միացյալ անդրանիկ ելույթը փառատոնի բեմում` որպես «Time Report» կայացավ 1998 թվականի հոկտեմբերին: Եվ «New York Voices»-ի, «Night Ark»-ի, Գեորգի Գարանյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի Մարկ Ջոնսոնի և շատ այլ երաժիշտների շրջանում, որոնք ժամանել էին ՙԵրևան-98¦ Առաջին միջազգային ջազ փառատոնին, նրանք ցուցաբերեցին երաժշտական անգերազանցելի վարպետություն` արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին: Հաջողությամբ պսակվեցին նաև ելույթները «Երևան-2000» Երկրորդ միջազգային փառատոնի, Թբիլիսիում կայացած «GeoCell» ջազ փառատոնի ժամանակ, ինչպես նաև` Եվրոպայում և Ասիայում բազմաթիվ հյուրախաղերի ընթացքում: Նրանց բախտ է վիճակվել նույն բեմում ելույթ ունենալ Չիկ Կորիայի, Բիլի Կոբեմի, Կլարենս Ջոնսոնի և այլ հանրահայտ դեմքերի հետ:

1998 թվականի աշնանը խումբը ձայնագրեց դեբյուտային «Time Report» ալբոմը` «Երգեր առանց խոսքերի- II», որը թողարկվեց ԱՄՆ-ում: 2001 թվականին լույս ընծայվեց խմբի առավել նշանակալի «Return» ալբոմը, որը նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում սեքստետը թողարկեց նաև լավագույն ստեղծագործություններն ընդգրկող երկու ժողովածու:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.