Armenian Navy Band

Ջազ երաժշտության և, հատկապես ֆոլկլյորի երկրպագուները քաջածանոթ են պերկուսիոն գործիքների առաջնակարգ կատարող, կոմպոզիտոր և երգիչ Արտո Թունջբոյաջյանին: Նրա անունը մեծ տարածում գտավ world music ուղղության երկրպագուների շրջանում այն բանից հետո, երբ նա սկսեց իր համագործակցությունը Ջո Զավինուլի հետ:

Բացի այդ, Թունջբոյաջյանը երկար ժամանակ ելույթ էր ունենում և ձայնագրվում էր Էլ Դի Մեոլայի, Բոբ Բերգի, Դենիս Չամբերսի, Բիլլ Էվանսի, Մայք Մանիերիի, Պոլ Ուինթերի, Սիմոն Նաբատովի, Մայք Ստերնի, Oregon և System of A Down խմբերի և համաշխարհային ջազի և ռոքի այլ աստղերի հետ: Նա թողարկել է ավելի քան քսան սոլո ալբոմ, գրել սաունդթրեքեր ֆիլմերի և բեմադրությունների համար:

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է Թուրքիայում 1957 թվականին: Նրա ավագ եղբայրը` Օննոն, խթանում էր ժամանակակից թուրքական երաժշտությունը` ստեղծագործական, կատարողական և պրոդյուսերական գործունեության միջոցով: 11 տարեկանից Արտոն սկսեց ստեղծագործել և կատարել եղբոր խմբում և հյուրախաղերով հանդես գալ Թուրքիայում և Եվրոպայում: Փորձելով երաժշտության հնարավոր բոլոր ոճերը և տիրապետելով գրեթե բոլոր երաժշտական գործիքներին` Արտոն ընտրեց պերկուսիան և world music-ը` որպես Մայր բնության և Մարդու հանդեպ սիրո և ակնածանքի արտահայտման առավել բնական միջոց: 1981 թվականին Արտոն մեկնեց ԱՄՆ` իր շնորհի համար նոր կիրառում գտնելու: Ամերիկյան ջազի վարպետներն անմիջապես նկատեցին նրան և համագործակցություն առաջարկեցին: Թունջբոյաջյանը դարձավ պահանջարկված սայդմեն և ամերիկյան երաժշտական հասարակության կողմից բուռն ընդունելությունից հետո հանձն առավ սոլո նախագծերը: 1985 թվականին նա թողարկեց առաջին «VirginLand» և «Main Root» ալբոմները: Այդ ժամանակ նա հանդիպեց ուդի լավագույն կատարողներից մեկի` Արա Դինքջյանի հետ: 80ականների վերջին նրանք հիմնեցին «Night Ark», որը կատարում էր էթնո ջազ և նյու էյջ ժանրերի հատուղու երաժշտություն: Քառյակի ալբոմները մեծ հաջողություն ունեցան և ողջ աշխարհում տարածվեցին միլիոնավոր քանակով:

Ժամանելով Երևան 1998 թվականին Առաջին միջազգային ջազ փառատոնի հանրահայտ ամերիկյան քառյակի կազմում, որում Արտո Թունջբոյաջյանից և Արա Դինքջյանից բացի, ընդգրկված էին նաև Արմեն Դոնելյանը (ստեղնաշար) և Մարկ Ջոնսոնը (բաս), երաժիշտն այնքան հիացած էր իրենց խմբի և անձամբ իր հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելությամբ, որ որոշեց Հայաստանում հիմնել սեփական խումբը և կատարել իր հոգուց բխող երաժշտությունը: Այսպես ծնվեց հերթական նախագիծը` Armenian Navy Band-ը:

Armenian Navy Band-ը, ըստ էության, գեր-խումբ է` Armenian All Stars յուրատիպ կազմով: 1998 թվականից խումբը կարողացավ նվաճել երաժշտասերների հարգանքը և սեփական նշանակալի տեղը զբաղեցնել երաժշտական աշխարհում: Ստեղծագործական գործունեության 7-8 տարիների ընթացքում անսամբլը ելույթ է ունեցել Եվրոպայի և Արևելքի գրեթե բոլոր երկրներում: Այն մասնակցել է տասնյակ միջազգային ջազ փառատոնների, միևնույն բեմում ելույթ է ունեցել համաշխարհային ջազի ականավոր դեմքերի հետ: Իսկ 2005 թվականին Պորտուգալիայում հանդես եկավ երկու համատեղ համերգներով (բեմում միաժամանակ նվագում էր 19 երաժիշտ) «The Zawinul Syndicate»-ի հետ:

«ANB» չորս ալբոմներն արագորեն տարածվեցին ողջ աշխարհով և մի քանի վերաթողարկում ապրեցին: Ամենահանրահայտն ու տիտղոսավորը դարձավ նախավերջին «Sound of Our Life»-ը – Մաս 1-ին, «Natural Seeds»-ը, 2004թ: Ըստ տարվա արդյունքների` 900 ալբոմների միջից այն 14-րդ տեղը գրավեց World Music Charts Europe-ում: Իսկ հայկական խումբը նույն թվականին ավանդական ֆոլկ երաժշտությունը և վերջինիս ժամանակակից ճյուղավորումները լուսաբանող համաշխարհային լրագրողների կարծիքով` դարձավ worlbeat, world music, ethno-jazz և երաժշտության այդ ուղղության այլ տեսակների կատարողներից լավագույնը` գերազանցելով այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Ռայ Կուդերը, Պակո դե Լյուսիան և այլք: Ի դեպ` Արտո Թունջբոյաջյանն` ինքը, նախընտրում է իր երաժշտությունն անվանել «ավանգարդ ֆոլկ»:

2006 թվականին «ANB»-ն նվաճեց նոր հաղթանակ` հեղինակավոր BBC բրիտանական ռադիոկորպորացիան հայկական խմբին շնորհեց «Audience World Music Award-2006» մրցանակը: «ANB»-ն կատարում է բազմահաճախական, կառուցվածքային բարդ սյուիտներ, որոնք հիմնված են հայկական մեղեդայնության և ռիթմերի վրա ջազ ռոք, նյու էյջ, ֆյուժն և ավանգարդ տարրերի միահյուսմամբ:

Խումբը սաունդթրեք է ձայնագրել ռուսական «Պլատոն» և ֆրանսիական «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմերի համար:

Բարձր կատարողականություն, հարուստ հնչողություն, եռանդ, միաժամանակ զարմանալի քնարականություն և ռոմանտիկա… Եթե ավելացնենք խմբի ղեկավարի` առանց խոսքերի երգելու անհավանական ունակությունը` այս ամենը հունցելով հայոց լեռներին և կապույտ երկնքին, քաղաքի խենթ ռիթմնի և արդի աշխարհի սրընթաց եռանդին, ապա կկազմենք մոտավոր պատկերացում հայկական խմբի երաժշտության մասին:

Երկու տարի առաջ Արտո Թունջբոյաջյանը և «ANB»-ի որոշ անդամները թուրք երաժիշտ և կիթարահար Յաշար Կուրտի հետ ձայնագրել են «Nefrete Kine Karsi» համատեղ ալբոմը:

Արտո Թունջբոյաջյանը համագործակցում է նաև «System of A Down» խմբի հետ: Նա խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ զուգերգերի ալբոմ է ձայնագրել` «TOXICITY» (2001):

Ներկայումս Արտո Թունջբոյաջյանը նաև ամերիկյան «HUMAN ELEMENT»  հրաշալի ֆյուժն-խմբի մասնակիցներից մեկն է (Արտո Թունջբոյաջյան` վոկալ, պերկուսիա, դուդուկ, Սկոտ Կինզի` ստեղնաշարային գործիքներ, Մետյու Գարիսոն` բաս, Հարի Նովակ` հարվածային գործիքներ): Մի քանի ամիս առաջ քառյակը թողարկել է իր առաջին ալբոմը, որը հեղինակավոր www.allaboutjazz.com կայքի կողմից ճանաչվել է լավագույններից մեկն` իր ժանրում:

2011 թ. փետրվարին Արտո Թունջբոյաջյանը, լինելով նաև հանրահայտ սակսոֆոնահար Փոլ Ուինթերի «The Paul Winter Consort» խմբի մասնակից, Miho: «Journey to the Mountain» ալբոմի վրա աշխատելու համար արժանացել է ԳՐԵՄՄԻ մրցանակի:

***

Armenian Navy Band

Արտո Թունջբոյաջյան – պերկուսիա, վոկալ

Արմեն Այվազյան – քյամանչա

Վահագն Հայրապետյան – ստեղնաշարային գործիքներ

Անահիտ Արտուշյան – քանոն

Դավիթ Մինասյան – տրոմբոն

Վարդան Գրիգորյան – դուդուկ, զուռնա

Արման Ջալալյան – հարվածային գործիքներ

Նորայր Քարտաշյան – բլուլ, դուդուկ, զուռնա

Արտյոմ Մանուկյան – բաս- կիթառ

Արթուր Գրիգորյան – սաքսոֆոն

Դավիթ Նալչաջյան – ալտ- սաքսոֆոն

Արմեն Հյուսնունց –տենոր եւ սոպրանո սաքսոֆոններ

Տիգրան Սուչյան – շեփոր

Գագիկ Հուդավերդի – կիթառ

Դիսկոդարան

«Bzdik Zinvor» (1999)

«New Apricot» (2001)

«Sound of Our Life» (2003)

«How Much Is Yours?» (2005)

«Under Your Thoughts» – (2009)

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.