Արմեն Թութունջյան

«Ես զբաղվում եմ երեք բանով` նվագում, դասավանդում և պրոպագանդում եմ ջազ» – սիրում է ասել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դոցենտ Արմեն Թութունջյանը, նույն ինքը` Չիկոն:

Ջազի հնչյունները նրան գերել են դեռևս դպրոցական տարիներից: Նա սիրում էր մոր հետ գնալ Կ. Օրբելյանի ղեկավարած` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի համերգներին և հետևել թմբկահար Ռոբերտ Յոլչյանի կատարումներին:

Թմբուկի փայտիկները նա ձեռքն առավ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելու տարում (1963թ.): Ինստիտուտում սովորելու ընթացքում նա նվագել է այդ տարիների լավագույն ինքնագործ խմբերում` «Յունոստ», «Կռունկ»: Խորհրդային ջազմեններից շատերի նման նա դասեր է քաղել ամերիկյան հայտնի երաժիշտների ձայնագրություններից, բայց երախտագիտությամբ է հիշում նաև իր առաջին դասատուներին` Մարատ Սիմոնյանին, որը նրան նոտագրություն է ուսուցանել, խորհրդային հայտնի թմբկահար Նիկոլայ Գոնգարովին, որից նա ստացել է գիտելիքներ և առաջին դասագրքերը թմբուկներ նվագելու վերաբերյալ, և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանին, որը 60-ական թվականներին Երևանի առաջատար ջազմեններից էր: 1968 թվականին Արթուր Աբրահամյան, Լևոն Մալխասյան, Արմեն Թութունջյան կազմով նոր եռյակը առաջին Հայկական ջազ փառատոնի ժամանակ ճանաչվեց որպես լավագույն կոլեկտիվ, իսկ Ա. Թութունջյանն արժանացավ «Լավագույն թմբկահար» մրցանակին:

1969 թվականին ստեղծվեց Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լևոն Մալխասյան (դաշնամուր), Երվանդ Երզնկյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ) կազմով ջազ-քառյակը, որը հայկական ջազին բերեց առաջին լուրջ հաջողությունը` դառնալով 1970 թվականի Կույբիշևյան ջազ-փառատոնի դափնեկիր և նվաճելով բոլոր մրցանակները տարբեր անվանակարգերում: Հաջորդ տարի (1971թ.) նույն քառյակը (այս անգամ կոնտրաբասիստ Դավիթ Գասպարյանի հետ) ճանաչվեց լավագույնը Վորոնեժի ջազ-փառատոնում, իսկ Ա. Թութունջյանը կրկին արժանացավ «Լավագույն թմբկահար» մրցանակին: Արմեն Թութունջյանը հաջողությունների հասավ նաև Արթուր Աբրահամյանի քառյակի կազմում, որի սաքսոֆոնահարը Ա. Զաքարյանն էր, իսկ դաշնակահարը` Արմեն Տեր-Թադևոսյանը:

1979 թ. այս քառյակը հանդես եկավ Թբիլիսիի ջազ-փառատոնում, իսկ 1980-ին` Յարոսլավյան ջազ-փառատոնում: 1983 թ. Արմեն Թութունջյանը ներկայացնում էր հայկական ջազը Հայկական ռադիոյի և հեռուստատեսության ջազ-սեքստետի կազմում: Այս նույն սեքստետը նվագակցում էր նաև երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանին ելույթների ժամանակ:

1986 թվականին Ա. Թութունջյանը հրավիրվեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբ, որը ղեկավարում էր Կ. Օրբելյանը: Այս կոլեկտիվի հետ նա շրջեց ԽՍՀՄ շատ քաղաքներում և արտասահմանում: 1992թվականին` Կ. Օրբելյանի հրաժեշտի համերգների ժամանակ հենց Ա. Թութունջյանն էր նստած հարվածային գործիքների առջև:

Հայաստանում անկախության հաստատման առաջին տարիներից սկսվեց Արմեն Թութունջյանի ստեղծագործական վերելքի նոր շրջանը: 1992թվականին նա իր շուջը համախմբեց երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների և ստեղծեց «Chico & Friends» անվանումը կրող խումբը, որը մինչ օրս իր մնայուն տեղն ունի հայկական ջազի ասպարեզում: «Chico & Friends»-ը յուրօրինակ ստեղծագործական լաբորատորիա է, որի բովով անցնում են տաղանդավոր շատ ջազմեններ: «Chico & Friends»-ում են նվագել և իրենց նպաստը բերել խմբի հաջողությանը հանրապետության այնպիսի հայտնի ջազային երաժիշտներ, ինչպիսիք են` Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պեշթմաջյանը, Արսեն Ներսիսյանը, Արմեն Հյուսնունցը, Սիմոն Դոլմազյանը, Երվանդ Մարգարյանը, Կարեն Գասպարյանը:

1997թ. «Chico & Friends» խմբի հյուրախաղերը հաջողությամբ են անցել Շվեդիայում: Հիմնադրման օրվանից «Chico & Friends»-ը Հայաստանում կայացած բոլոր փառատոների մշտական մասնակիցն է: Խմբի ակտիվում են լազերային 2 սկավառակներ`«The Quartet» (2001) և «To my friends with love» (2009): 2010թ. հուլիսի 27-ին խումբը ձայնագրեց իր երրորդ` «VEM –Session» սկավառակը, որը ներկայումս պատրաստվում է թողարկման:

Արմեն Թութունջյանը նաև դասավանդում է: Այդ գործունեության ավելի քան 35 տարիների ընթացքում նա տասնյակ թմբկահարներ է պատրաստել:

1994 թվականին Թութունջյանը ստաժավորում է անցել Berklee College of Music-ում (Բոստոն, ԱՄՆ) «ԱՄՆ-ում ջազային թմբկահարների պատրաստման մեթոդների ուսուցում` դրանք Հայաստանում կիրառելու համար» թեմայով: Ա. Թութունջյանին իսկապես կարելի է համարել հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում: ԱՄՆ-ում ստացած և իր սեփական գիտելիքների հիման վրա Արմեն Թութունջյանը պատրաստել է հարվածային գործիքներ նվագելու ուսուցողական քառամյա ծրագիր կոնսերվատորիայի էստրադային և ջազային երաժշտության բաժնի համար, որտեղ նա դասավանդում է` սկսած 1998 թվականից: Իր գիտելիքները Թութունջյանն ի մի է բերել «Ռիթմ և շարժում» գրքում, որը նմանօրինակ առաջին դասագիրքն է հայերեն լեզվով: Այն լույս է տեսել 2010 թվականին վերջին:

Ջազի պրոպագանդումը Թութունջյանը համարում է իր կատարողական և ուսուցողական գործունեության օրգանական շարունակությունը: 1996 թ. նա սկսում է ջազային ծրագիր վարել «HAI FM»-ում: 1998թ. նրա «Jazz time» ծրագիրը տեղ է գրավում արդեն հեռուստաեթերում: 2008թ.-ի փետրվարի 8-ին կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Թութունջյանին շնորհվեց Հատուկ մրցանակ` Հայաստանում ջազի պրոպագանդման համար: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տրամադրած գրանտի շրջանակներում նա նախապատրաստել և սկսել է «Հայկական էստրադային և ջազային երաժշտության պատմությունը» նոր առարկայի դասավանդումը կոնսերվատորիայում:

Այսօր Արմեն «Չիկո» Թութունջյանն աշխատում է «Հայկական ջազի պատմությունը» գրքի վրա և, իհարկե, շարունակում է զբաղվել իր սիրած գործով:

«Ես նվագել, նվագում և նվագելու եմ այն ջազը, որը սիրել եմ դեռ շատ վաղուց, մաքուր ջազ` առանց որևէ խառնուրդի: Դա իմ երաժշտական հավատամքն է»:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.