Լևոն Մալխասյան

Հայաստանում 60-ականների սկզբներին` ջազ-տենդի ժամանակաշրջանում, առաջինն ու լավագույններից մեկը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտին կից դաշնակահար Լևոն Մալխասյանի կողմից ստեղծված քառյակն էր: Այդ խումբը ելույթ էր ունենում ուսանողական երեկույթների ժամանակ, հյուրախաղերով հանդես էր գալիս Միությունում, մասնակցում էր համամիութենական փառատոններին: Վորոնեժում քառյակն արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ Լևոն Մալխասյանը ճանաչվեց` որպես փառատոնի լավագույն դաշնակահար:

Նա մշտապես աչքի է ընկնում իր էքսպրեսիվությամբ և զգացմունքայնությամբ, որի ոգեշնչման աղբյուրն իր առաջին ու միակ կուռք և ուսուցիչ` կանադացի վիրտուոզ Օսկար Պիտերսոնն էր: Նրա կատարողականությունն առանձնանում է իր էությամբ` լայնախոհ, վառ, բաց ու փոքր-ինչ անհոգ: Իր կյանքի ընթացքում նա նվագել է որպես մենակատար տարբեր նվագախմբերում` Պետջազ նվագախմբում, իր իսկ կողմից ստեղծված փոքր խմբերում: Նա հաճախ ելույթ է ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Արևելյան Եվրոպայի երկրներում և նույնիսկ Հարավ-Արևելյան Ասիայում: Այսօր նա նվագում է երիտասարդ երաժիշտների հետ և «70-ականների նվագախումբ» վետերանների նվագախմբի կազմում: Նա հեռուստատեսության, ռադիոեթերի հաճախակի հյուր է և անգամ նկարահանվում է տեսահոլովակներում:

Նրա հիմնական շնորհը միշտ կազմակերպչական և քարոզչական գործունեությունն է: Դեռևս երիտասարդ տարիներին նա ձգտում էր կազմակերպել ջազ-ակումբներ, ջազ երեկույթներ, անցկացնում էր ջազ փառատոններ, ինչն այնքան էլ դյուրին չէր խորհրդային սահմանափակումների պայմաններում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրան հրավիրեցին «Պոպլավոկ» սրճարան` որպես արտ-տնօրեն, ուր նրան հաջողվեց ստեղծել իսկական ջազ ակումբի մթնոլորտ, և որտեղ ելույթ ունենալը բոլոր հայ երաժիշտները պատվաբեր էին համարում: Այստեղ էին կայանում հյուրախաղերով Հայաստան ժամանած երաժիշտների հետ հանդիպումները` Չիկ Կորիայից ընդհուպ մինչև Իգոր Բուտմանը: Ջազ երեկույթները մեծ տարածում ունեին երևանցիների շրջանում:

Նա հիմնեց «Ջազ Արտ» կազմակերպությունը, որն անցկացրեց «Երևան 98» Միջազգային ջազ փառատոնը: 2000 թվականին` Երկրորդ փառատոնը, որին մասնակցեց Չիկ Կորիան իր այն ժամանակվա Origin խմբով: 2005 թվականին Երևանում կայացավ նաև Երրորդ փառատոնը:

Մալխասյանը կարևորում է երիտասարդ ջազ երաժիշտների պատրաստումը: Նրա «թեթև» ձեռքով բազմաթիվ երիտասարդ ջազ խմբեր են կյանքի կոչվել: 2006 թվականին իրականացավ նրա երազանքը. բացվեց «Մալխաս» ջազ ակումբը, որն անմիջապես դարձավ երաժշտական Երևանի սիրված վայրերից մեկը, ուր ձգտում են այցելել մայրաքաղաքի բոլոր հյուրերը:

Չնայած ավելի քան ակտիվ ստեղծագործական կյանքին, Լևոն Մալխասյանը միայն վերջերս թողարկեց իր առաջին աուդիո ալբոմը: Իսկ անցյալ տարի ձայնագրեց իր առաջին տեսա-համերգը:

Մի քանի տարի առաջ Լևոն Մալխասյանը դարձավ Երևանի Պատվավոր քաղաքացի: Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից նրան շնորհվեց Մովսես Խորենացի հեղինակավոր շքանշանը` հայ մշակույթում ունեցած իր ներդրման համար: Լևոն Մալխասյանը միաձայն ընտրվել է` որպես ՙՋազի հոբելյանական տարվա¦ անցկացման Կազմկոմիտեի նախագահ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.

Մեր ջազի դեմքերը