Հայաստնի պետական ջազ նվագախումբ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը Կառավարության որոշմամբ 1938թ.-ին տաղանդավոր կոմպոզիտորներ և երաժիշտներ Արտեմ Այվազյանի և Ցոլակ Վարդազարյանի կողմից հիմնադրված` ողջ Անդրկովկասում առաջին ջազ-նվագախմբի անմիջական հետևորդն է:

Տաղանդավոր կոմպոզիտոր Արտեմ Այվազյանին հաջողվեց ստեղծել հիասքանչ նվագախումբ, որով զմայլվում էին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում: Նվագախմբի կողմից կատարվող կոմպոզիացիաների հիմքում ժողովրդական ֆոլկլյորն էր, որով էլ և նվագախումբն առանձնանում էր մյուսներից: 1956 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր դարձավ երիտասարդ տաղանդավոր դաշնակահար և կոմպոզիտոր Կոստանդին Օրբելյանը: Նվագախումբը թևակոխեց նոր ժամանակաշրջան. բազմաթիվ հյուրախաղեր աշխարհի 40 երկրներում, հեռուստատեսային ելույթներ, սկավառակների ձայնագրում… Եվ նվագախումբը դարձավ երկրի ամենահանրահայտ նվագախմբերից մեկը: 1975 թվականին նվագախումբը խորհրդային ջազ նվագախմբերից առաջինն էր, որ մեկնեց ջազի հայրենիք` Ամերիկա:

Վերակառուցման սկզբից և տնտեսական ճգնաժամից հետո դադարեց նվագախմբի գործունեությունը, սակայն 1997 թվականին արդեն անկախ Հայաստանում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր դարձավ տաղանդավոր երաժիշտ, կոմպոզիտոր և հրաշալի գործիքավորող Արմեն Մարտիրոսյանը: Նվագախմբի երաժշտական ղեկավար դարձավ բազմաթիվ ջազ փառատոնների դափնեկիր սաքսոֆոնիստ Արմեն Հյուսնունցը, իսկ պրոդյուսեր` Արթուր Ասատրյանը:

Աչքի ընկնելով բարձր պրոֆեսիոնալիզմով` երաժիշտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ժամանակակից մշակումների և գործիքավորումների հանդեպ: Որպես ավանդույթների շարունակություն` երիտասարդ երաժիշտներից բաղկացած նվագախմբին արդեն իսկ հաջողվել է գտնել սեփական յուրահատուկ ոճը, որի հիմքում հայկական ազգային արմատներն են: Նվագախումբը հաճախ ելույթ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում. ԱՄՆ (2000, 2001թթ.), Ռուսաստան (2001, 2006թթ.):

2000 թվականին նվագախումբը մասնակցեց «Երևան 2000» միջազգային 2-րդ ջազ փառատոնին: Այդ փառատոնի ժամանակ նվագախումբը հնարավորություն ունեցավ ելույթ ունենալ մեր օրերի ջազ-լեգենդ, դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Չիկ Կորիայի հետ: 2001 թվականին նվագախումբը ձայնագրեց իր առաջին` «Mountain Dance» ձայնասկավառակը, որը նույն թվականի նոյեմբերին արժանացավ մրցանակի «լավագույն ֆյուժն-ալբոմ» անվանակարգում Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Մեկնաբանելով ալբոմի բովանդակությունը` Չիկ Կորիան ասաց. «Այդ երաժշտությունը կենդանի է և եզակի, համարձակ ու գեղեցիկ»:

2002 թվականին նվագախումբը մասնակցեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշակույթի բաժնի կողմից կազմակերպված Jazz Appreciation Month փառատոններին, որոնց հրավիրվում էին բազմաթիվ պրոֆեսիոնալ նվագախմբեր Հայաստանից և ԱՄՆ-ից: 2006 թվականին նվագախումբը հերթական անգամ ելույթ ունեցավ Մոսկվայում կայացած միջոցառումներին, որոնք նվիրված էին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերին:

2007 թվականի ապրիլի 20-ին նվագախմբի վերստեղծման 10-ամյակի կապակցությամբ Արմեն Մարտիրոսյանին և Արթուր Ասատրյանին շնորհվեցին Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե շքանշաններ` երաժշտական արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար: 2008 թվականին Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի պետական ջազ նվագախումբն արժանացավ Տարվա լավագույն ջազ-նվագախումբ մրցանակին:

2010 աշնանը ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Մարտիրոսյանին փոխարինեց Արմեն Հյուսնունցը:

Այսօր նվագախմբի նվագացանկում տեղ են գտել մի քանի տարբեր թեմատիկ ծրագրեր: Նվագախումբը ձայնագրել է 3 ալբոմ`

«Mountain Dance»
«Armenia Big Band»
«Masisamba»

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.