Մարտին Վարդազարյան

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 4-ին: 1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը` Գ. Սարաջեվի ղեկավարությամբ: Որոշ ժամանակ անց ընդունվել է նույն ուսումնական հաստատության կոմպոզիտորական բաժինը և 1970 թվականին ավարտել այն` Է. Միրզոյանի ղեկավարությամբ: 1956-ից 1960 թթ. նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում:

1961-ից 1963 թթ. ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը: Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր:

1966-ից 1972 թթ. եղել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարը:

1971-ից 1974 թթ. դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ֆակուլտետում:

1974-ից 1989 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը:

Ակտիվորեն աշխատել է «Արմկոնսերտի» էստրադային խմբերի հետ և 1990 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավար, խորհրդատուն:

Երաժշտություն է գրել ավելի քան 100 թատերական պիեսների համար, 5 մյուզիքլի և 40 ֆիլմի երաժշտության հեղինակ է: Միշտ իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված բոլոր համերգներին և հանդիպումներին: Նրա հասարակական գործունեության ոլորտը շատ լայն է:

Մ. Վարդազարյանի երաժշտական կոմպոզիցիաները կատարվել են Հայաստանի գործող նվագախմբերի, անսամբլերի և մենակատարների կողմից Կոմպոզիտորների միության համերգների ժամանակ: Նրա երաժշտական կոմպոզիցիաները հաճախ են հնչում ռադիոյի և հեռուստատեսության եթերում:

1994 թ.-ից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է:

Դասավանդում է Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում: Պրոֆեսոր է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:

2007թ. ստացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Հիմնական ստեղծագործություններն են`

Սոնատ դաշնամուրի համար` բաղկացած երկու մասից

Կվարտետ լարային գործիքների համար

Կոնցերտինո ֆլեյտայի և լարային նվագախմբի համար

Սիմֆոնիկ պոեմ «Ձոն Բարտոկին»

Կոնցերտ նվագախմբի համար` նվիրված առաջին հայկական դաշնամուրային կոնցերտի հեղինակ Ա. Խաչատուրյանին

«Ահեղ մարտերի անմեղ զոհերին» սիմֆոնիա

Էստրադային երգեր/ստեղծագործություններ

Պրելյուդ, պրելյուդ-իմպրովիզացիա, սոնատա դաշնամուրի համար («Դաշնակահարի համերգային ռեպերտուարը» հավաքածու)

Վ. Շեքսպիրի չորրորդ սոնետը (անգլերեն լեզվով)

Երկու ռոմանս /Խոսք` Ա. Իսահակյանի/ («Հայկական ռոմանսներ» հավաքածու)

«Սիրո աշխարհ Հայաստանին» /Խոսք` Ա. Սահակյանի/ («Հայկական խմբերգեր» հավաքածու)

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.