Ուլիխանյան կվինտետ

«Ուլիխանյան կվինտետը» ստեղծվել է 1997 թվականին: Խմբի անկյունաքարային գաղափարը ջազի և պրոգրեսիվ երաժշտության սինթեզն է դասական ձևով: Խմբի անդրանիկ համերգը կայացավ 1997 թվականի նոյեմբերին և նվիրվեց Ֆրանց Շուբերտի 200 ամյակին: Հաջորդ ծրագիրը բաղկացած էր Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունների ջազային մշակումներից:

Մեկ տարի անց հայտնվեց նաև երկրորդ ծրագիրը, որը բաղկացած էր 2 մասից` «Դյուք Էլինգտոն-100» և «Դեյվ Բրուբեկ-80» և նվիրված էր հոբելյարներին: Այդ ծրագրով կվինտետը հյուրախաղերով մեկնեց Լիբանան: 2000 թվականին Ղազախստանում կայացավ Արվեստների միջազգային փառատոնը: Տիկնիկային թատրոնից, ժողովրդական գործիքների անսամբլից զատ, Հայաստանը ներկայացրեց նաև «Ուլիխանյան կվինտետը»:

2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությամբ խումբը ստեղծեց հայ ակադեմիական երաժշտության հիմնադրի` Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնող ծրագիր, որով խումբը երլույթ ունեցավ Հորդանանում, Լիբանանում, Ֆրանսիայում և Սիրիայում: Հաջորդ տարվա համար կվինտետը պատրաստեց «Գիշերային սերենադ« ծրագիրը, որը ներառում էր դասական և ժամանակակից կոմպոզիտորների` օրվա այդ ժամին նվիրված ստեղծագործությունները: Անմիջապես դրանից հետո լույս տեսավ «Ulikhanyan Quintet Live» ալբոմը, որը 1997-2002թթ. երաժիշտների կողմից կատարված աշխատանքի յուրատիպ հաշվետվություն դարձավ:
Ժամանակի ընթացքում փոխվում էր խմբի կատարողական ոճը:

2003թ.-ին աշխարհը տոնում էր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100 ամյակը: «Ուլիխանյան կվինտետը» նույնպես ներկայացրեց ծրագիր` նվիրված մեծն հայրենակցին: Դա Արամ Խաչատրային ստեղծագործությունների ջազային մշակումներից բաղկացած ծրագիր էր: Համերգի մի քանի հատվածներ ներառվեցին «Խաչատրյանի դարը» վավերագրական ֆիլմում, որը նկարահանվեց ռուսական «Культура» հեռուստաալիքի կողմից: 2003 թվականին կվինտետի որոշ անդամներ զորակոչվեցին բանակ և, այսպիսով, խումբը դադարեց գործունեությունը: Զորացրվելուց հետո խումբը վերսկսեց իր ստեղծագործական գործունեությունը: Խմբում որոշ փոփոխություններ տեղի ունեցան, և արդյունքում` անսամբլում հնչող կոնտրաբասը փոխարինվեց բաս կիթառով:

2006 թվականին սկսվեցին «Ճանապարհ դեպի տաճար» ալբոմի ձայնագրման աշխատանքները, որը ներառում է կվինտետի գեղարվեստական ղեկավար Մարտին Ուլիխանյանի կոմպոզիցիաները: Ստեղծագործությունները, հանդիսանալով կոմպոզիտորական, լիովին բացառում են իմպրովիզացիոն տարրը: Սկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականին Երևանի տիկնիկային թատրոնում:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.