Բորիս Անդրեասյան

Բորիս Անդրեասյանը Հայաստանի առաջին կիթառահարներից և լավագույն երաժիշտներից է: Լինելով ինքնուս և հմտորեն տիրապետելով կիթառին, վարպետորեն կատարում է տարբեր ոճերի երաժշտություն` մոդեռն և սմութ ջազ, ֆյուժն, բլյուզ, ֆլամենկո, ֆոլկ, ռոք, պոպ, ֆանկ, սակայն նրա նախընտրելի ոճը ֆյուժնն է: Նվագում է տարբեր գործիքների վրա`ստեղնաշարային, հարվածային, լարային` բաս կիթառի, բանջոյի, բուզուկիի, թառի, ուդի:

14 տարեկանում, երբ նա առաջին անգամ տեսնում է էլեկտրոկիթառն ու լսում նրա հնչյունները, խորապես ցնցվում է, տարվում նրանով և որոշում երաժիշտ դառնալ: Նա ձեռք է բերում մի հին կիթառ, նորոգում այն և սկսում ինքնուրույն նվագել: Նրան ոգեշնչել են «Beatles», «Cream», «Chicago» և այլ աշխարհահռչակ նվագախմբերի, ինչպես նաև կիթառահարներ`Էրիկ Քլեպտոնի, Ջիմի Հենրիքսի, Թերի Քեթի, Էլ Դի Մեոլայի, Ջոն Մքլաֆլինի, Ջորջ Բենսոնի, Ջո Փասի, Ուէս Մոնտգոմերիի, դաշնակահարներ` Օսկար Պիտերսոնի, Չիկ Կորեաի, Հերբի Հենկոկի, Ջորջ Դյուկի, երգիչ- կոմպոզիտոր Սթիվի Ուանդերի և այլ աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործություններն ու կատարումները, որոնք նպաստել են նրա երաժշտական նուրբ ճաշակի, ստեղծագործական կարողության ձևավորմանն ու կատարողական արվեստի հետագա զարգացմանը:

1968թ. կայացել է նրա առաջին ելույթը «Ամպրոպ» նվագախմբի հետ:

1969թ. համերգներ է տվել «Вулкан» նվագախմբի հետ:

1970թ. Բորիս Անդրեասյանը ստեղծել է իր առաջին «1+2» երաժշտախումբը, որը երևույթ էր Հայաստանի փոփ-ռոքի երաժշտական կյանքում: Այդ խումբն իր ելույթներով լայն արձագանք է գտել ու մեծ համբավ վայելել ամբողջ հանրապետությունում: «1+2» խմբի հետ ելույթներ են ունեցել ճանաչված երգիչներ ու երաժիշտներ` Ալեքսանդր Գրադսկին և Ալեքսանդր Ցարենկովը (Մոսկվա), երգիչ Լևոն Սևանը, թմբկահարներ Գրիգոր Բալագյանն ու Արմեն Չալդրանյանը, բաս կիթառահարներ Արա Ասատրյանն ու Նորիկ Պողոսյանը:

Վերոհիշյալ խմբերի համերգներին Բորիս Անդրեասյանը, լինելով 15, 16-ամյա պատանի, արդեն իսկ կատարում էր «ջազ-ռոք» երաժշտության մեծագույն վարպետների բարդ ու գեղեցիկ ստեղծագործությունները:

1970թ. Երևանում հանդիպում է ունեցել և նվագել Վլադիմիր Վիսոցկու հետ:

1971թ. աշխատել է «Ռադիոսարքավորումների կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո» հիմնարկում, որպես ակումբի վարիչ և էստրադային նվագախմբի ղեկավար:

1972-74թ.թ. ծառայել է սովետական բանակում և այդ տարիներին Տոբոլսկ և Տյումեն քաղաքներում անցկացվող երիտասարդական երգի և նվագախմբերի մրցույթներում, իր «Молодость» զինվորական նվագախմբի հետ միասին, գրավել է 1-ին տեղը, ստացել 1-ին կարգի դիպլոմ և դարձել դափնեկիր:

1974թ. մասնակցել է սփյուռքահայ երգիչ Ադիս Արմանի համերգներին:

1974-75թ.թ. աշխատել է «Արմինա» վոկալ-գործիքային նվագախմբում, որի հետ 1975թ. Մոսկվայում կայացած էստրադային արտիստների 5-րդ համամիութենական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: Նույն թվին Օդեսայում կայացած ջեմ-սեյշնին նվագել է մոսկվացի երաժիշտներ` սաքսոֆոնահար Վլադիմիր Պրեսնյակովի և դաշնակահար Լեոնիդ Չիժիկի հետ:

1975-78թ.թ. աշխատել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբում` որպես սոլո կիթառահար և երգիչ: Այդ տարիներին համերգային հյուրախաղերով հանդես է եկել նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններում և 200-ից ավելի քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայի, Հարավսլավիայի և Գերմանիայի տարբեր քաղաքներում` ամենուրեք բարձր պահելով Հայաստանի և հայ երաժշտի պատիվը:

1976թ. լույս է տեսել Հայաստանի պետական ջազ նվագախմբի ձայնասկավառակը` «Նազան յար», «Կանչում եմ յար» ժողովրդական երգերով, այնուհետ հեռուստատեսությամբ ցուցադրում էին նաև այդ երգերի տեսահոլովակները` Բորիս Անդրեասյանի և երգչուհի Լարիսա Դոլինայի կատարմամբ: Նույն թվին ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում նվագել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Չիկագոյի ջազ նվագախմբի հետ:

1977թ. Հարավսլավիայի Բելգրադ քաղաքում կայացած համաշխարհային ջազ փառատոնում Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ միասին համատեղ համերգում ելույթ է ունեցել ամերիկացի երաժիշտներ` դաշնակահար Ջորջ Դյուկի, շեփորահար Ֆրեդի Հաբերդի, թմբկահար Լեոն Չանսլերի, բաս կիթառահար Բայրոն Լի Միլլերի և կիթառահար Չարլզ Ֆրանկ Ջոնսոնի հետ:

1977-78թ.թ. նույն նվագախմբով «Мелодия Друзей» միջազգային երաժշտական փառատոներում համատեղ ելույթ է ունեցել եվրոպական տարբեր երկրների հանրաճանաչ երգիչների` Աննա Գերմանի (Լեհաստան), Մագդի Բոդիի, Գաբի Մոնյոկի, Կորինա Կիրիակի (Հունգարիա), Կարոլ Դուխոնի, Վենդուլա Պրագլովայի, Հելենա Բլեհարովայի, Ժիրի Հրոմադկայի (Չեխոսլովակիա), Լիլի Իվանովայի, Եվգենի Դուշանովի, Կատյա Ֆիլիպովայի (Բուլղարիա), Դոյնա Սպատարուի, Իոն Ուլմեանուի (Ռումինիա), Կրունոսլավ Կիչո Սլաբինակի (Հարավսլավիա), Դագմար Գելբկեի (Գերմանիա), Ռաուլ Գոմեսի և Լեոնորա Սամորայի (Կուբա), ինչպես նաև հետևյալ երաժշտախմբերի հետ` «Չեռվոնը Գիտառը», «Նեբեսկո Չառնի» (Լեհաստան), «Նովա Դիմենզիա» և տրիո «Գրուպպա Յու» (Հարավսլավիա):

1978-79թ.թ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի վոկալ-գործիքային անսամբլում:

1979թ. Ռիգայի «Ալեգրո» ջազ ակումբում առաջին անգամ կատարել է իր «Meeting» («Հանդիպում») ստեղծագործությունը` կիթառահար Վալերի Բելինովի և թմբկահար Վլադիմիր Բոլդորևի հետ:

1980թ. Երևանում ծանոթացել է կիթառահար Բի ԲԻ Քինգի հետ: Երկրորդ հանդիպումն ունեցել է 1994թ. Լոս Անջելեսում:

1981թ. Բորիս Անդրեասյանը պաշտոնապես հրավիրվել է Մոսկվա` «Կոնտինենտալ-Սովինցենտր» միջազգային առևտրի կենտրոնի բիզնես ակումբում աշխատելու համար, որտեղ նվագել է «Ջազ Ատակա» անսամբլում` դաշնակահար Դավիդ Ազարյանի, մոսկվացի ջազ երաժիշտներ` սաքսոֆոնահար Ալեկսանդր Պիշչիկովի, կոնտրաբասահար Անատոլի Սոբոլևի, թմբկահար Վլադիմիր Վասիլյկովի, շեփորահար Արզու Հուսեյնովի հետ:

1982-89թ.թ. «Արմենիա» երաժշտախմբի հետ աշխատել է «Արմենիա» հյուրանոցի ռեստորանում:

1983թ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Է. Մ. Միրզոյանի, ԳԱԿ-ի գլխ. տնորեն Հ. Ս. Իգիթյանի և Մերգելյան ինստիտուտի արհկոմի նախագահ Դ. Ս. Խոջայանի կողմից ստացել է երկու «Պատվավոր Պատվոգիր», ջազ անսամբլների ստուգատեսին մասնակցելու և ջազ երաժշտությունը Հայաստանում հաջողությամբ պրոպագանդելու համար:

1985թ. մասնակցել է «Ջազային Պանորամա – Երևան 85» փառատոնին` ելույթ ունենալով կոնտրաբասահար Թամազ Կուրաշվիլիի, դաշնակահար Դավիդ Ազարյանի և թմբկահար Գրիգոր Բալագյանի հետ:

1989թ. Լենինականում (Գյումրի) մասնակցել է 1988թ. երկրաշարժից տուժածներին օգնելու համար կազմակերպված` ամերիկահայ երգիչ Հովիկ Գրիգորյանի բարեգործական համերգին:

1991-95թ.թ. ապրել է ԱՄՆ-ում, նվագել է Լաս Վեգասի և Լոս Անջելեսի տարբեր ռեստորաններում ու ակումբներում` անվանի երգիչների և երաժիշտների հետ:
1993թ. Լոս Անջելեսում նվագել է ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի համերգին:
1994թ. Փասադենայի (Լոս Անջելես) «Ambassador» դահլիճում մասնակցել է երգիչ-երգահան Արթուր Մեսչյանի հեղինակային համերգին:
1996-98թ.թ. աշխատել է «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի ջազ բարում:
1999թ. համագործակցել է «Time Report» երաժշտախմբի հետ:
2001թ. նվագել է Արա Գևորգյանի գալահամերգին` նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:
2002թ. կազմակերպել է ամերիկահայ դաշնակահար Արմեն Դոնելյանի մաստեր-կլաս դասընթացը, որին մասնակցել են վիբրաֆոնահար Տիգրան Պեշտմաջյանը, կիթառահար Ալեկսանդր Մաիլյանը և ուրիշներ:
2002-04թ.թ. ապրել է Մոսկվայում և աշխատել բարձրակարգ հյուրանոցների ռեստորաններում: 2003թ. աշխատել է «Մետրոպո» հյուրանոցի ջազ բարում դաշնակահար Նիկիտա Բրատուսի հետ:
2005-06թ.թ. մասնակցել է «Երգում է 70-ականների Երևանը» և «Սերունդների երթը» գալահամերգներին:
2006թ. ընկերական հանդիպում է ունեցել Մայքլ Ջեքսոնի եղբոր` «Jackson 5» երաժշտախմբի բաս կիթառահար Ջերմեյն Ջեքսոնի հետ, որն ուղեկցվել է երաժշտական կատարումներով: Նույն թվականին իր նվագախմբով աշխատել է «Մալխաս» ջազ ակումբում:
2007թ. «Մալխաս» ակումբում կայացած ջեմ-սեյշնին նվագել է «Earth, Wind & Fire Experience» ամերիկյան նվագախմբի երաժիշտների հետ:
2008թ. ծանոթացել է ֆրանսիական «Փարիզ ջազ տրիո» խմբի երաժիշտներ` բաս կիթառահար, չիլիացի Մարսելո Կորդովայի, դաշնակահար Վենսան Բուիգի և թմբկահար Անդո Պարսեղյանի հետ: Միմյանց ուղարկված և փոխադարձ հավանության արժանացած սեփական ստեղծագործությունների երկկողմանի ծանոթությունից հետո նրանք որոշում են գալ Երևան` Բորիս Անդրեասյանի հետ միասին համերգ տալու նպատակով:
2008թ. օգոստոսի 19-ին նրանք միասին «ֆյուժն» ոճի ծրագրով բացառիկ համերգ են տվել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ Բորիս Անդրեասյանը կատարել է իր ստեղծագործությունները` «Sunrise» («Արևածագ»), «Repentance» («Ապաշխարանք»), «Progress» («Առաջընթաց») և «Pray» («Աղոթք»):
Հարկ է նշել, որ Բորիս Անդրեասյանը նրբաճաշակ և հմուտ իմպրովիզատոր է, նրա կատարողական արվեստը աչքի է ընկնում բարձր տեխնիկայով ու պրոֆեսիոնալիզմով, խորապես ներազդող զգացմունքայնությամբ և առանձնահատուկ երաժշտականությամբ: Ունի պատվոգրեր, տասնյակ երաշխավորագրեր ու բնութագրեր, որոնք տրվել են Հայաստանի կոմպոզիտորների միության, մշակույթի նախարարության, Հայգլխհամերգ կոմիտեի, Հայպետֆիլհարմոնիայի և այլ կազմակերպությունների կողմից:
Լինելով բարձրարվեստ երաժիշտ և կիթառահար, երբեմն էլ հանդես գալով որպես երգիչ, Բորիս Անդրեասյանը նաև կոմպոզիտոր է: Նա տասնյակ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից են` «A nightingale song» («Սոխակի երգը»), «Hope» («Հույս»), «Call of Holy Fathers» («Սուրբ Հայրերի կանչը»), «Creation» («Արարում»), «Wake» («Զարթոնք»), «Struggle» («Պայքար»), «You’ll be looking for me» («Դու ինձ կփնտրես»), «Belief» («Հավատ»), «Revival» (Վերածնունդ) գործերը:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.

Մեր ջազի դեմքերը