Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Շաքարյանը հայտնի է և հարգված ինչպես դասական, այնպես էլ` ջազային երաժշտության սիրահարների կողմից: Զուր չէ, որ նրա մասին ասում են, թե երկու սիրտ ունի. մեկը պատկանում է դասական երաժշտությանը, մյուսը` ջազային:

Երևանի կոնսերվատորիա ընդունվելուց հետո, Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով Շաքարյանը տեղափոխվում է մոսկովյան Գնեսինների անվան ինստիտուտ: Լինելով հայկական երաժշտության դասականի միակ աշխակերտը Հայաստանից` Ստեփան Շաքարյանը կարճ ժամանակում ձեռք բերեց տաղանդավոր և հեռանկարային կոմպոզիտորի և կատարողի համբավ:

Ավարտելով Լենինգրադի կոնսերվատորիան` արդեն ձևավորված կոմպոզիտոր և կատարող Շաքարյանը վերադառնում է Հայաստան, որտեղ սկսում է ակտիվորեն աշխատել` միանգամից լայն ճանաչման արժանանալով պրոֆեսիոնալների և լուրջ երաժշտության սիրահարների կողմից: Նա հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային-գործիքային ստեղծագործությունների և բալետային երաժշտության: Շաքարյանի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են և մինչ օրս կատարում են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ:

Սակայն, դասական երաժշտությունը կազմում է նրա ստեղծագործական կյանքի մի մասը: Մյուսը մասը ջազն է: Նրա երաժշտության հարուստ, հարմոնիայի և ռիթմիկայի տեսանկյունից արտահայտիչ լեզուն կրում է ջազի ազդեցություն: Շաքարյանը, իրավամբ, կարող է համարվել հայկական ջազի հիմնադիրներից` «հայրերից» մեկը: Մշակույթի պալատին կից 60-ական թվականներին ստեղծելով իր առաջին խումբը` «Պատանեկություն» անունով` նա այլևս երբեք չբաժանվեց ջազից: Այսօրվա օրով կոմպոզիտորն իր հաշվին ունի հարյուրավոր ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում և հաճախ հնչում են եթերում: Նրա ստեղծագործությունները կատարում է Հայաստանի պետական ջազ-նվագախումբը, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-ջազային նվագախումբը և մի շարք այլ կոլեկտիվներ, իսկ ամենավառ ստեղծագործություններից մեկը` «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» դարձել է հայկական ջազի ստանդարտ:

Ստեփան Շաքարյանը մայրաքաղաքի խոշոր մշակութային միջոցառումների, ջազ-փառատոների պարտադիր և ակտիվ մասնակիցն է:
Արդեն երկար տարիներ է Ստեփան Շաքարյանը դասավանդում է` կրթելով հայ երաժշտության ապագա կրողների: Վերջին տարիներին հանդիսանում է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դասավանդում է գործիքավորում` սովորացնելով ապագա երաժիշտներին հասկանալ երաժշտությունը` դրա կառուցման և արտահայտման օրենքները: Մաեստրո Շաքարյանին սիրում և հարգում են աշակերտները և գործընկերները:

Հայկական ջազի 70-ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում Ստեփան Շաքարյանը` ծավալած բազմամյա գործունեության համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալով:

2009թ.-ի վերջում, «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.

Մեր ջազի դեմքերը