Տիգրան Համասյան

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում: Երկու տարեկան հասակից նա սկսում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Ռադիոն, ձայնագրիչն ու երաժշտական գործիքները տղային ցանկացած խաղալիքից ավելի էին գրավում: Արդեն երեք տարեկանում նա անսխալ կարողանում էր երգել մեղեդիներ այնպիսի լուրջ խմբերի երգացանկից, ինչպես` The Beatles, Led Zeppelin, Queen, սակայն նա առանձնակի հաճույքով երգում էր Լուի Արմստրոնգի (Louis Armstrong) երգերը: Յոթ տարեկանում լիովին արտահայտվում է նրա սերը ջազի հանդեպ. Նա ողջ օրը սկսում է լսել ջազային տարբեր ոճերի ստեղծագործություններ և փորձում իմպրովիզացիա անել դաշնամուրով: Այնուհետև Տիգրանն ընդունվում է երաժշտական դպրոց:

1997 թվականին տղայի ընտանիքը տեղափոխվում է Երևան և նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: Տիգրանը ժամերով ջազային երաժշտություն է լսում` փորձելով գտնել այն, ինչն առավել սրտամոտ է իրեն: Նրան սկսում են հրավիրել մասնակցելու տարբեր համերգների և նվագելու ակումբներում: Շուտով նա ինքն է սկսում ստեղծագործել: Տղայի մեծանալուն զուգընթաց աճում է նաև նրա վարպետությունը:

2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսեց ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված էր տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրեց Ֆրանսիա` միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Ֆրանսիայում Տիգրանի ունեցած ելույթներն ունկնդրեցին ժամանակակից ջազի աստղեր Ուեյն Շորտերը (Wayne Shorter), Հերբի Հենկոկը (Herbie Hancock), Ջոն ՄաքԼաֆլինը(John McLaughlin), Ջո Զավինուլը (Joe Zawinul) և ուրիշներ: Իսկ ֆրանսիական ջազի հսկա Դանիել Հյումերի (Daniel Humair) հետ տղան նույնիսկ ելույթ ունեցավ պաշտոնական համերգներում:

Մանկուց տղան աչքի էր ընկնում աշխատասիրությամբ և արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց: «Ոսկե անձրևի» պես նրա վրա տեղացին միջազգային խոշորագույն փառատոներում տարած հաղթանակներն ու հեղինակավոր մրցանակները. 2003 թվականին` երրորդ տեղ Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակ` Jazz a Juan Revelations-2003 մրցույթում, առաջին մրցանակ` Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթում, երրորդ մրցանակ` 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում, առաջին մրցանակ` Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթում… Այս ամենն ընդմիջվում էր աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող բազմաթիվ ելույթներով ու ձայնագրություններով: Առաջին ալբոմը ձայնագրվեց Լոս Անջելեսում, որը 2006 թ. գարնանը թողարկեց ֆրանսիական Nocturne Records ձայնագրման ընկերությունը: Տիգրան Համասյանի հետ նվագում էին սաքսոֆոնահար Բեն Ուենդելը(Ben Wendel), բաս-կիթառահար Ֆրանսուա Մոտենը(Francois Moutin), թմբկահար Արի Հենինգը(Ari Hoenig) և դուդուկահար Ռուբեն Հայրապետյանը(Rouben Harutyunyan):

Տիգրանը սովորելու է մեկնում Ամերիկա: Այնտեղ` ուսումնառության մի քանի տարիներից հետո նրան էր սպասում իր գլխավոր հաղթանակը` առաջին տեղը դաշնակահարների Թելոնիուս Մոնկի(Thelonious Monk) անվան մրցույթում: 2006 թ. սեպտեմբերին քսանամյակն էր նշում ջազային դաշնակահար-նորարարի անունը կրող ինստիտուտը և այդ առիթով կազմակերպել էր հերթական մրցույթը: Ջազի համաշխարհային մեծության աստղերից բաղկացած հեղինակավոր ժյուրին հայտարարեց, որ Տիգրան Համասյանը ճանաչվել է մրցույթի հաղթող և արժանացել 10 հազար դոլար մրցանակին: Դրան հետևեցին ընդունելությունն ու համերգը Սպիտակ տանը, որտեղ մրցույթի հաղթողին և մասնակիցներին պատվեցին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ու նրա տիկինը, իսկ մրցանակը հանձնեցին Մադլեն Օլբրայթը և Քոլին Պաուելը:

Մի քանի ամիս անց` տարեվերջին, Տիգրանը հրավիրվեց Փարիզ` մասնակցելու ամերիկացի պրոդյուսեր և ջազի մասնագետ Ջորջ Ավագյանին (George Avakian) հեղինակավոր «Ջանգո» մրցանակ ու «Ջազի լեգենդ» պատվո տիտղոս հանձնելու արարողությանը: Ֆրանսիայի ջազի ակադեմիայի կազմակերպած` գրեթե չորսժամյա հանդիսավոր արարողությունից հետո «Շատլե» սրահում տեղի ունեցավ 19-ամյա հայ դաշնակահարի համերգը:

2009 թվականին Տիգրանը պաշտոնական համերգներով այցելեց Երևան: Նա դուետով հանդես եկավ ուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի(Dhafer Youssef) հետ:

Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, ընդունելով հրավերներ` հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոներին:

Տիգրան Համասյանն ունի թողարկված երեք ալբոմ`
«World Passion» – 2006
«New Era»- 2007
«Red hail» – 2009

Դաշնակահարի պաշտոնական կայքն է www.tigranhamasyan.com

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.