Գեորգի Գարանյան
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
2009-12-15

Ալտ սաքսոֆոնի մեղմ, բարեհնչյուն և ինչ-որ տեղ ինտելիգենտ հնչողությունը տարիներ շարունակ լավ ծանոթ է եղել ջազի բոլոր սիրահարներին. միայն Գեորգի Գարանյանի գործիքն է նման կերպ հնչում:

Եվ ահա, Ջազի տարվա շրջանակներում դասական ջազի երևանյան սիրահարները ևս մեկ հնարավորություն ստացան ունկնդրելու մաեստրոյի նվագը տարբեր սերունդների հայ երաժիշտների հետ միասին:

«Հայկական ջազ – 70» կազմակերպության կողմից մշակված նման համերգի գաղափարը` միավորելու տարբեր սերունդների, դպրոցների ու երկրների արտիստներին, խոստումնալից էր, սակայն դրա իրականացումը գերազանցեց բոլոր սպասելիքները:

Ողջ երեկոյի ընթացում բեմի վրա էր տրիոն` դաշմնակահար Հայկ Շաքարյանը, բասիստ Նիկողայոս Վարդանյանը և թմբկահար Աշոտ Հարությունյանը: Նրանց հետ միասին նվագում էր հայկական ջազի վետերան և ռուսաստանաբնակ առաջնակարգ սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը: Ավելի ուշ նրանց միացավ Գարանյանը: Գեորգի Արամովիչն ինչպես միշտ էլեգանտ էր, բարեկազմ ու ինտելիգենտ. ջազի իսկական պրոֆեսոր: Նա սկսեց պաշտոնական հայտարարությամբ, որ իր երկար կյանքի ընթացքում նա երաժշտական շատ հոբելյանների է մասնակցել, բայց որ մեկ ժանրի հոբելյանը նշվի մի ամբողջ տարվա ընթացքում. նման բան որևէ տեղ ու երբևէ չի եղել: Իսկ հետո նրանք երկուսով` նա և Զաքարյանը, իսկական տաքարյուն ջազ ցույց տվեցին:
Գարանյանն անձամբ մենանվագում էր, ղեկավարում էր իր փոքրիկ, բայց շատ ուժեղ էներգետիկայով օժտված նվագախումբը, ներկայացնում էր սոլոներ և ապահովում բրեյքեր, անընդհատ ինչ-որ բան էր բացականչում`երաժիշտներին աշխուժացնելու համար. մի խոսքով` նա իրեն բեմահարթակի տերն էր զգում: Շատ էր կատակում: Եվ ոչ թե միայն բառերով, այլև իր երաժշտությամբ` համադրելով բոլորովին տարբեր ստեղծագործություններ, ջազային գործերի մեջ ներդնելով տողեր սովետական երգերի դասականներից, և այլն: Իսկ երբ բեմ բարձրացավ նաև Լևոն Մալխասյանը, համերգի էներգետիկան հասավ իր գագաթնակետին:

Մեծ երաժիշտների հրաշալի մի համերգ էր` Մաեստրոյի` Գեորգի Արամի Գարանյանի ղեկավարությամբ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.