Երաժշտական տոնախմբություն Տիգրան Համասյանից
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
2010-04-05

Ջազի երևանյան երկրպագուները բավական երկար են սպասել այս համերգին: Եվ, բնականաբար, հրաշալի դաշնակահարի առաջին պաշտոնական համերգը հայրենիքում մեծ հետաքրքրություն առաջացրեց:

Տիգրան Համասյանն իր քառյակի հետ ներկայացրեց իր վերջին` «Red Hail» ալբոմի ստեղծագործություններից բաղկացած մի ծրագիր, ինչպես նաև ներկայացրին մի քանի ամբողջովին նոր գործեր: Հարվածային գործիքներ, բաս, սաքսոֆոն, վոկալալիստուհի և դաշնամուր. թվում է` ավանդական ջազ համերգի ավանդական գործիքներ: Բայց այստեղ միանգամայն այլ էր: Սկսենք նրանից, որ երգչուհի Արենի Աղբաբյանը երգում էր բառիս ոչ ավանդական իմաստով: Դրանք երգեր էին առանց բառերի, սաքսոֆոնին համահունչ վոկալիզներ, հիմնական թեմայի մեղեդային գունավորումներ: Երաժիշտների հետ կապված պատկերն ավելի բարդ էր: Չնայած որևէ «ջազային» տպավորություն չստեղծելուն` նվագելով աչքի չզարնող, մի տեսակ մինիմալիստական ձևով, նրանք միևնույն ժամանակ հանկարծակի պայթում էին հենց որտեղ և որքան որ պետք էր: Դե իսկ Տիգրանը բառիս բուն իմաստով փայլում էր դաշնամուրի առջև:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերի, հայ ժողովրդական մեղեդիների մշակումներ և հենց խմբի ղեկավարի հեղինակած ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրը մեծապես կրում էր հայկական ժողովրդական երաժշտության համուհոտը: Բոլորը հավասարապես մեղեդային էին ու գեղեցիկ, պայծառ ու գունագեղ:

Արտաքուստ հանգիստ, մեղմ, լիրիկ երաժիշտները սկզբում ներկայացնում էին որևէ ուժեղ ցնցում չենթադրող երաժշտական ստեղծագործություններ: Սակայն ստեղծագործության միջին հատվածներում երաժշտական պատմության զսպանակը սկսում էր ոլորքը ետ տալ, արագություն հավաքել, էներգիան սկսում էր անցնել սահմանները, ամեն ինչ սկսում էր փոթորկվել` հասնելով եռման կետի: Իսկական շոու էր` իր ռեժիսուրայով, հիմնական գաղափարով ու հստակ կառուցվածքով, որ նաև ինտրիգ էր պարունակում: Յուրաքանչյուր պիես դահլիճն ուղեկցում էր բուռն ծափողջյուններով և «Բրավո» բացականչելով, իսկ վերջում հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց երաժիշտներին` նրանց ստիպելով նվագել ևս մեկ տպավորիչ ստեղծագործություն:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.