Կարեն Քոչարյան` դերասան, հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար, սցենարիստ և պրոդյուսեր
6.02.2014

Ինչո՞ւ եք սիրում ջազը:
– Ջազային երաժշտությունն ինձ տեղափոխում է մի այլ աշխարհ: Ջազը, դա ապրելակերպ է, տրամադրություն: Այն մոռացնելէ տալիս բոլոր խնդիրներն ու դժվարությունները: Դա մի բալասան է հոգու համար:

Ակումբներ և ջազային համերգներ հաճախո՞ւմ եք:
– Համերգների հաճախում եմ, երբ ժամանակս ներում է: Ակումբներ հաճախում եմ ոչ այնքան հաճախ, սակայն, օրինակ, «Մալխաս» ակումբն իմ կյանքում որոշիչ դեր է ունեցել: Ես այնտեղ հանդիպել եմ կնոջս: Իսկ ընդհանրապես, եթե լինում են փառատոններ, հաճույքով մասնակցում եմ դրանց: Ի դեպ, փոքրուց շատ մեծ սիրով եմ հաճախել Պետական էստրադային նվագախմբիի համերգներին` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Ո՞ր ջազն է ձեզ ավելի շատ դուր գալիս` հին ավանդական, թե ժամանակակից:
– Ինձ ավելի շատ դուր է գալիս ավանդական ջազը, սակայն ժամանակակից ջազում նույնպես կարելի է լսել բավականին ինքնատիպ գործեր:

Ձեր կողմից սիրված ջազային կատարողները` հայ և օտարերկրացի:
– Մեծ հաճույքով եմ լսում Մայլս Դեյվիսին, Օսկար Պիտերսոնին, Լուի Արմսթրոնգին, Էլլա Ֆիջերալդին: Մերոնցից միանշանակ կնշեմ Կոնստանտին Օրբելյանին, Մարտին Վարդազարյանին, Ստեփան Շաքարյանին, Դավիթ Ազարյանին, Արմեն Թութունջյանին, Վահագն Հայրապետյանին, Արմեն Հյուսնունցին, Լևոն Մալխասյանին, Արմեն Դոնելյանին, Տաթևիկ Հովհաննիսյանին և Ալեքսանդր Զախարյանին… Դժվար է բոլորին թվարկել… Ես հպարտությամբ կարող եմ նշել այն, որ Մալխասը, Չիկոն և Ալիկ Զախարյանը սովորել են և կատարել առաջին քայլերը ջազային ասպարեզում իմ դպրոցում` Պուշկինի անվան:

Ի՞նչ ջազային համերգ կամ ձայներիզ եք լսել վերջերս, որը ձեզ դուր է եկել, կամ ընդհակառակը` դուր չի եկել:
– Դժվարանում եմ ասել: Վերջերս լսում էի Տիգրան Համասյանի ձայնագրությունը և հպարտությամբ հիշեցի այն, որ ես առաջիններից էի, որ դեռևս իր դպրոցական տարիների ընթացքում նրանից հարցազրույց վերցրեցի «3-րդ ալիք»-ի համար:

Կցանկանայի՞ք արդյոք ջազի հետ առնչվող որևէ նախագծի մասնակցել:
– Վերջերս Հայաստանի Պետական ջազ նվագախմբի հետ, միջազգային կարգի երաժիշտ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամ, մասնակցել եմ «Ջազը և Գյումրին» նոր ջազային փառատոնին, որի հովանավորն էր իր գործի մեծ վարպետ Մկրտիչ Մկրտչյանը: Պարզապես զարմացած էի ինչպես կազմակերպչական, այնպես էլ գյումրեցի հանդիսատեսի բարձր մակարդակից: Ինձ հաճելիորեն զարմացրեց նաև երիտասարդ Սարգիս Մզիկյանի կատարումը: Ուրախ եմ, որ այս նախագիծը շարունակական բնույթ է ունենալու, և մենք շուտով կլինենք Գյումրիում Երվանդ Երզնկայանի ջազ բենդի հետ:

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.